Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՄԱԿ-ը տեղափոխե՞լ Ժնև

ՄԱԿ-ը տեղափոխե՞լ Ժնև
28.09.2019 | 12:49

Կրեմլին շատ են նյարդայնացնում իր դիվանագետների սահմանափակումները, որ պետք է այցելեն Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայան: Ռուս պաշտոնյաներն առաջարկում են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան տեղափոխել Շվեյցարիա՝ գրում է Էմանուել Գրինշպանը Le Temps-ում: Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը առաջարկել է. «Պետք է ՄԱԿ-ի կենտրոնակայանը տեղափոխել չեզոք պետության տարածք, որը ՄԱԿ-ը չի օգտագործի իր նեղքաղաքական խնդիրների լուծման համար: Գուցե Ավստրիա, Շվեյցարիա, որ երբեք ոչ մի խոչընդոտ չեն հարուցում նույնիսկ այն անձանց, որ պատժամիջոցների տակ են»: Այսպես է պատգամավորն արձագանքել տասնյակ ռուս դիվանագետների մասնակցության հնարավորություն չտալուն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային՝ մերժելով ԱՄՆ մեկնելու վիզաները: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կարողացավ ԱՄՆ մեկնել փոքր պատվիրակության հետ: Հինգշաբթի նա առավել անորոշ ձևակերպումներով առաջարկեց այս թեման քննարկել. «Հիմա, թերևս, պետք է բարձրացնել հարցը՝ ի՞նչ անել ՄԱԿ-ի կենտրանակայանի հետ»՝ ասաց նա Коммерсантъ-ին հարցազրույցում, հետո պետական հեռուստաալիքով հայտարարեց, որ վիզաների միջադեպին ի պատասխան Վաշինգտոնին անակնկալ է սպասվում: «ՄԱԿ-ի կենտրոնակայանը Ժնև տեղափոխելը սենատորի անձնական նախաձեռնությունն է,-գտնում է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային իրավունքի ամբիոնի պրոֆեսոր Դմիտրի Լաբինը,-նախարար Սերգեյ Լավրովը կատակում էր, երբ հիշեցրեց, որ Ստալինը ճիշտ էր, որ ուզում էր ՄԱԿ-ի կենտրոնակայանը Սոչիում լինի»: Երբ 1945-ին ստեղծվեց ՄԱԿ-ը, Իոսիֆ Ստալինն առաջարկեց կենտրոնակայանը Սև ծովի ափին, առողջարանային գոտում կառուցել: Սոչիում՝ այն ժամանակ նացիզմի դեմ տարած հաղթանակի լուսապսակով օժտված՝ սովետական դիկտատորի սիրած առանձնատունն էր: «Դա խորաթափանց էր»՝ ասել է Լավրովը, բայց գաղափարն աջակցություն չստացավ: Այսօր Մոսկվան ավելի ռեալիստական դիրքերում է:

«ՄԱԿ-ը Ժնև տեղափոխելը իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը չէ: Դա սրամիտ կատակ է՝ երկու կողմերի դառնությունը ցրելու համար»՝ ասում է Դմիտրի Լաբինը: Նա ընդգծում է, որ ՄԱԿ-ի կենտրոնակայանի տեղափոխումը վիթխարի ու չարդարացված ծախսեր կպահանջի՝ հաշվի առնելով հաստատության մեծ կառուցվածքը: Միջազգային հարցերով փորձագետ Վլադիմիր Ֆրոլովը գտնում է, որ ռուսական առաջարկը հոջողության շանս չունի. «Դա օգտակար է միայն նյարդայնացնելու համար, բայց Մոսկվան ԱԽ-ում 3 ձայն էլ չի հավաքի»: Այդ կարծիքին չէ Ժողտնտեսության ակադեմիայի պետականության ու իրավունքի ամբիոնի դոցենտ Կիրա Սազոնովան. «Ժնևը ՄԱԿ-ի երկրորդ կենտրոնակայանն է: Այդ քաղաքը մի ժամանակ ընդունել էր Ազգերի լիգային, ոչինչ կառուցելու անհրաժեշտություն չկա»: Նա գտնում է, որ Ժնև տեղափոխվելը ոչ միայն սենատորի անձնական կարծիքն է, այլև լայնորեն քննարկվող նախագիծ, ու՝ ոչ միայն Մոսկվայում: Կիրա Սազոնովայի կարծիքով՝ «Գլխավոր ասամբլեան Ժնև տեղափոխելու գաղափարը արտահայտում է ոչ թե ԱՄՆ կարգավիճակը խարխլելու ձգտումը կամ շվեյցարական դիվանագիտությանը ծառայություն մատուցելու, այլ՝ բոլորին բավարարող լուծում գտնելու: Արդեն տարաձայնություններ հարուցող բազմաթիվ թեմաներ են կուտակվել: Ժնևը չեզոք է, և լավ փոխզիջում է նաև ամերիկացիների համար՝ օտարազգի դիվանագետների մուտքը այլևս ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնալիք չի լինի»:
Էմանուել Գրինշպան, Le Temps


Հ.Գ. Իսկ ինչու՞ ոչ: Ցանկացած կատակի կեսը ճշմարտություն է: Եթե ԱՄՆ նախագահը շարունակի իր հակաեվրոպական քաղաքականությունը, ՄԱԿ-ի երկրների կեսը կհամաձայնեն Ժնևին: Կարևորը ձնագունդը գլորելն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2791

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ